Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա և տարեկան պարբերականությամբ հանրությանն է ներկայացնում հայաստանյան լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումները ներառող զեկույցներ։
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձել է տարվա ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների դեպքերին:
Համառոտ ամփոփում
2013 թ. հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ կարեւոր իրադարձությունների համապատկերում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների համար առաջացած անբարենպաստ պայմանների հետ: Մասնավորապես` այս տարին ներառում էր նախագահական և Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ (քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի, Երեւանի «Փակ շուկան» «Երևան սիթի» սուպերմարկետի վերածելու, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված): Իսկ նման իրադարձությունները, որպես կանոն, ուղեկցվում են հասարակական-քաղաքական հարաբերությունների լարվածությամբ եւ խոսքի ազատությանը սպառնացող սահմանափակումներով, ինչի հետեւանքով ավելանում են լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության տարաբնույթ դեպքերը: ԽԱՊԿ-ն այս օրինաչափությունը բազմիցս նշել է` արձանագրելով ակնառու փաստեր:
Այսպես` ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցավ լրագրողների նկատմամբ բռության 2 դեպք։ Այս ընտրություններին առնչվող` արձանագրվեց նաև լրագրողների մասնագիտական գործունեության 4 այլ խոչընդոտում: Ֆիզիկական բռնության 1 դեպք գրանցվեց Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում, իսկ ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ լրագրողների մասնագիտական գործունեության 8 այլ խոչընդոտում։ Ֆիզիկական բռնության 3 և ճնշումների 6 միջադեպ տեղի ունեցավ նաև վերը նշված քաղաքացիական շարժումները լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Տարվա ընթացքում զգալիորեն աճեց նաեւ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ (այդ թվում նաև` որպես երրորդ անձ) վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական հայցերի քանակը. ԽԱՊԿ-ն արձանագրեց 24 այդպիսի դատական գործ (2012 թվականին դրանք 17-ն էին):
Այսպիսով, ընդհանուր առմամբ, 2013 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք (6-ով ավելի` 2012 թվականի համեմատությամբ), ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 57 միջադեպ (20-ով ավելի` 2012 թվականի համեմատությամբ) և տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 10 փաստ (13-ով պակաս` 2012 թվականի համեմատությամբ):
Այսպիսով` 2013 թվականին լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ աճել են` 2012 թ. համեմատությամբ, և հասել 77-ի:
Ավելի մանրամասն անդրադարձը՝ www.khosq.am կայքում: